Ձրի շուկա

Հոկտեմբերի 1-ին, ժամը 16։00-ից սկսած Մաշտոցի պուրակում
Ձրի շուկա

… նույն ինքը ֆրիմարկետն է՝ անգլերեն really really freemarket-ի կարճ տարբերակը:

Ո՞նց թե ձրի շուկա։ Այո, իսկապես ձրի։ Այն թույլ է տալիս ձեռք բերել անհրաժեշտ իրեր և լավ ժամանակ անցկացնել ոչինչ չվճարելով:
Ձրի շուկան ենթադրում է, որ դուք (կամ ինչ֊որ մեկը) ունեք որևէ բան, որը ձեզ պետք չէ, և միաժամանակ կարող եք հավանել ուրիշի իրը։ Բարդ է գտնել նրան, ով ունի այն, ինչ ձեզ հարկավոր է, և միաժամանակ ցանկանում է այն, ինչ ունեք դուք։ Մասսամբ այդ պատճառով է ընդունված վաճառել և գնել՝ օգտագործելով դրամը, ինչը ձանձրալի է, բերում է տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործմանը։ Փոխարենը, անվճար շուկան ստեղծում է միջավայր ու համակարգ, որը թույլ է տալիս ձեռք բերել այն, ինչ պետք է, պրծնել նրանից, ինչի կարիքը չունեք, և այդ ամենը առանց ինչ-որ մեկին “տակ” թողնելու։

Սովորաբար ֆրիմարկետները իրականացվում են հանրային, բոլորին հասանելի վայրերում, մեր դեպքում՝ Մաշտոցի պուրակում։ Նախորոք կամ հենց շուկայի անցկացման ժամին դուք կարող եք բերել ձեր իրերը, թողնել նմանատիպ իրերի կողքին և սկսել փնտրել այն, ինչ պետք է ձեզ։ Եթե դուք չունեք բերելու ոչ մի բան, դա խնդիր չէ՝ այստեղ չեն փոխանակվում և գին չեն որոշում․ պարզապես վերցրեք այն, ինչը այլևս պետք չէ տիրոջը։

Միևնույն ժամանակ ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու վայր չի՝ ամենակարևորը մարդկային շփումն է։ Դժվար թե այստեղ լինեն փահլևաններ և լարախաղացներ, բայց որևէ մեկը կարող է սովորեցնել ձեզ՝ ինչպես սարքել օրիգամի, գիթառ նվագելու հիմքերը կամ ինչ անել ջարդված հեծանիվի հետ։ Դուք էլ կարող եք ինչ֊որ բան սովորեցնել ուրիշներին։

Ֆրիմարկետի հաճելի ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ “սկզբունք”.
— եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն, մի ծանրաբեռնեք այլոց
— եթե ձեր իրը թերի է, նշեք այդ թերությունները թղտիկի վրա և կպցրեք իրին՝ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում
— եթե բացի ձեզանից նույն իրը ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/ օգտակար, “ղուշ թե գիր” կամ “չին-գա-չունգ” խաղալ, ժպիտով զիջել այն:

Ֆրիմարկետում մարդկային հարաբերություններն և լավ ժամանցը իրերից կարևոր են, հիշեք դա։
Կտեսնվենք ։)
Free market poster B&W-curved

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով