Ինքնագիտակցության աճի ֆեմինիստական խմբեր. պատմական անդրադարձ և կիրառության ձեռնարկ

Աճի խմբերը՝ իբրև ֆեմինիստական պայքարի մեթոդ, կիրառության մեջ են մտել ֆեմինիզմի երկրորդ ալիքի սկզբից ի վեր՝ և մինչ օրս շարունակում են պահանջարկ ունենալ կանանց, քուիր մարդկանց ու ֆեմինիստների շրջաններում: Նրանք, ում հայրիշխանությունը չի խրախուսում, միասին հավաքվում են ինքնագիտակցության աճի խմբերում, զրուցում և համարում, որ իրենց անվերջ «ինքդ֊ես֊մեղավոր» խնդիրները պակաս կարևոր չեն, քան Մեծ ութնյակի հերթական գագաթաժողովը:

Շատերիս համար սա կարևոր և բացառիկ փորձ է՝ ոչ բռնի հաղորդակցության, ինքնակազմակերպման, անվտանգ տարածքի, զորեղացման (empowerment), սեփական ու կանացի սոցիալականացման փորձ ունեցող այլ մարդկանց ուժերի մեջ վստահության. և սա, թերևս, ամենաուղիղ հակակնատյաց(ական) գործողությունն է:

Ինքնագիտակցության աճի խմբերի հիմքում ընկած է սոցիալական կոնստրուկտիվիզմի տեսությունը, ըստ որի՝ գենդերային ինքնությունը (այսինքն՝ «կնոջ/տղամարդու» սոցիալական դերը, որով նրան փորձում է օժտել պատրիարխալ հասարակությունը) ձևավորվում է մարդկանց հետ փոխազդեցության ընթացքում: Ինքնագիտակցության աճի խմբերի մեթոդը անձնական փորձի վերլուծությունն է։ Սա ֆեմինիզմի մեր սեփական տեսությունն է, որն ազատում է կախվածություններից և ուժ ու ներքին ռեսուրսներ տալիս՝ հանրային գործունեություն սկսելու, արվեստով զբաղվելու, կյանքի տարբեր ոլորտներում ավելի շատ ինքնավարություն ձեռք բերելու համար:

103_Shumsky2016-31-4 (1)
Կանանց ինքնագիտակցության աճի խումբ․ Նյու Յորք, 1970 թ․

Ինքնագիտակցության աճի ֆեմինիստական խմբերը սովորաբար անջատողական են (սեպարատ են): Մասնակիցների քանակը 3-9 է: 14-ն, օրինակ, շատ է: Վստահության կարևոր սկզբունքն է՝ այն, ինչ ասվել է խմբում, մնում է խմբի ներսում: Բացի այդ՝ արտահայտվելու ընթացքում գործում է ոչ բռնի հաղորդակցության մի քանի պարզ «կանոն», որոնց պահպանումը թույլ է տալիս խուսափել հնարավոր խնդիրներից: Կարևոր է խոսել ես-արտահայտությունների ձևով (այսինքն՝ ինքն իր անունինց՝ «ես զգում եմ», «ես կարծում եմ»), և գնահատող արտահայտություններ չանել ուրիշի փորձի մասին (առավել ևս՝ այն արժեզրկել), հետևել խմբի ներքին դինամիկային և հարգանք ու հեռավորություն պահպանել մեկը մյուսի հանդեպ:

Քննարկման թեմաները կարող են լինել շատ տարբեր՝ փոխազդեցություն այլ կանանց հետ, զուգընկերային հարաբերություններ, տնային պարտականություններ, ամսական(ներ), հղիություն, մայրություն, արտաքին տեսք (լուքիզմ), ամուսնություն, ընտանեկան կյանքի փորձ, գենդերային փորձ ակտիվիստական հանրույթում, տարածքի վերապրման փորձ, օրինակ՝ ում ինչ տարիքում են թույլատրել գնալ հացի հետևից, և որ տարիքում են բնակարանի բանալիներ տրվել: Քննարկման թեմաները կարելի է առաջարկել հերթով կամ՝ ընտրել խմբի համար ներկա պահին օրհասական թեմաների ցանկից: Թեման կարելի է ընտրել հանդիպման սկզբում կամ նախապես՝ նամակագրության միջոցով:

Հանդիպումներին կարևոր է միմյանց լավ տեսնելու ու լսելու հնարավորություն ունենալ՝ շրջանաձև նստելը դրան նպաստում է: Արտահայտվել ցանկալի է հերթով և՝ ըստ շրջանի դասավորվածության: Եթե որևէ մեկը ցանկանում է իր հերթը բաց թողնել, ապա, իհարկե, կարելի է բաց թողնել և ավելի ուշ արտահայտվել կամ ընդհանրապես՝ լռել:

Սովորաբար հանդիպումների համար ընտրվում է մոդերատոր, ով խմբին օգնում է պահպանել արտահայտվողների հերթագայությունը, շատ թե քիչ՝ մնալ թեմայի շրջանակներում և ուղենշել հանդիպման կառուցվածքը: Կարևոր է, որ խմբի բոլոր մասնակիցները կարողանան մոդերացիա անել՝ մոդերատորները փոխվելու են ամեն հանդիպման ժամանակ:

Խոսակցությունն ամփոփելու համար սովորաբար արձագանքներ են հավաքում (feedback տալիս) այն մասին, թե ինչպես ամեն ինչ անցավ, և ինչպես էինք մենք մեզ զգում: Ֆիդբեք տալը հաճախ հեշտ չէ: Կարևոր է, որ այն լինի հարգալից, կառուցողական և պատասխանատու սեփական էմոցիոնալ բեռի համար:

consciousness-raising
Ինքնագիտակցության աճի խումբ․ Կանանց կրթության կենտրոն, Քեմբրիջ, Մասաչուսեթս

Ժամանակի մասին. եթե խմբում, օրինակ, 6 հոգի է, թեմա ընտրելու, մի շրջան խոսելու, ընդմիջում, իսկ հետո, գուցե, ևս մեկ շրջան անելու և ֆիդբեք տալու համար անհրաժեշտ է առնվազն 3 ժամ: Եթե առաջին շրջանով մարդիկ արտահայտվեն յուրաքանչյուրը՝ 10 րոպե, ապա սա, տեսականորեն, պիտի բավարար լինի: Իսկ հանդիպման ավարտի ժամի մասին ավելի լավ է  պայմանավորվել ամենասկզբում:

Խմբում հավասարություն պահպանելու վրա լավ ազդում է հետևյալ պայմանը՝ այնպես անել, որ հանդիպումները կազմակերպի և նախաձեռնի ոչ միևնույն մասնակիցը, քանի որ սա կենտրոնացնում է գործընթացը և կարող է այն կաթվածահար անել, եթե այդ մասնակիցը ինչ-որ պատճառով կորչի:

Եթե խմբում կա մարդ, ով սովորաբար բոլորին զանգահարում և պայմանավորվում է հանդիպման մասին, ապա՝ կարևոր է  ռոտացիա կազմակերպել և պահպանել այն:

Նոր մարդկանց արժի հրավիրել խումբ միայն մշտական կազմի հետ նախապես քննարկելուց հետո: Երբեմն խումբը կարող է կայունության կարիք ունենալ, իսկ երբեմն՝ պատրաստ է նոր մարդկանց ներառել սեփական շրջապատից. ամեն դեպքում՝ նման բաները կարևոր է  քննարկել և համաձայնեցնել:

Այս սկզբունքների պահպանությունը սովորաբար կարգին օգնում է. իհարկե, դրանք կարելի է փոփոխել կամ լրացնել, եթե դուք ու ձեր խումբը կարիք զգաք, բայց որոշ հիմնական բաների, ըստ մեզ, արժի հետևել, որպեսզի հանդիպումներն ավելի կառուցողական լինեն ու միաժամանակ՝ խնամքով և հոգատարությամբ վերաբերվենք բոլոր մասնակցուհիների անձնական սահմաններին:

«Հանդիպում #1» տարածաշրջանային զինի՝
ինքնագիտակցության աճի մասին տեքստի կրճատված ու փոփոխված թարգմանություն

Օգտակար հղումներ՝
Քեթի Սարաչայլդ«Ինքնգիտակցության աճ․ ռադիկալ զենք»(1973)
eng.
рус.

Քերոլ Հանիշի «Անձնականը քաղաքական է»(1969)
eng.
рус.

«Կանանց ինքնագիտակցության աճի խմբերի ստեղծման և վարման ձեռնարկ» ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգի մի խումբ կանանց կողմից
eng. 
рус.

 


Մեր խմբին միանալու համար կարող եք գրել communeonline@gmail.com էլ․ հասցեին (միայն կանանց համար, ներառյալ տրանս֊կանանց):

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով