«նորմալության» և «աննորմալության» շուրջ

Պատժիչ հոգեբուժության. ոստիկանների լիազորության, «նորմալության» և «աննորմալության» չափորոշիչների, Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 24-ին և 17-ին տեղի ունեցած միջադեպերի շուրջ  մայիսի 31-ին տեղի ունեցած քննարկման սղագրություն:

— Կարծում եմ, հոգեբուժարանները պարզապես մարդկանց ժամանակավորապես լիկվիդացնելու հեշտ միջոց են։ Որևէ իրավական հիմքեր չկան, բայց մարդուց պետք է ազատվել (օրինակ, ժառանգության հարցը լուծելու կամ ծնողական իրավունքներից զրկելու համար) կամ նորմատիվության սահմաններում չտեղավորվող գործողությունը պետք է դնել ինչ֊որ համակարգի մեջ։ Միևնույն ժամանակ չկա նորմայի սահմանները հստակեցնող օրենք։

— Աննայի ակցիան, կարծես թե, բարձրացնում է հետևյալ հարցերը․ ո՞վ է որոշում՝ որ արարքն է նորմալ, որը՝ ոչ։ Դրանից ի՞նչ է հետևում։ Աննորմալությունն ինչպե՞ս է պատժվում։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը (կոնկրետ իշխանությամբ օժտված մարդ) նախ՝ գալ եզրակացության ինչ-որ մեկի հոգեկան վիճակի մասին (միայն այն պատճառով, որ նա մտել է շատրվանի ավազանը. ոչ իրեն է վնասել, ոչ էլ այլ մարդու), և հետո՝ բռնի կերպով նրան տանել հոգեբուժարան։ Ինչո՞ւ մի դեպքում բռնի կերպով տանել, իսկ մյուսում՝ առաջարկել «բժշկական օգնություն» ու, պատասխան չստանալով, հեռանալ։

— Արմինե Առաքելյանի ու Աննա Շահնազարյանի համար մամուլը հասանելի է։ Կարծում եմ՝ դա կարևոր է։ Արձագանքն Արմինեի արարքին պայմանավորված է նրա հանրայնությամբ։ Մարդիկ, իրենց կամքին հակառակ, պարբերաբար հայտնվում են հոգեբուժարանում՝ երբեմն այնտեղ են մնում տարիներով։ Մենք այդ մասին հազվադեպ ենք իմանում։ Հնարավոր է նույնիսկ, որ իմանում ենք, ինչպես Իսակովի պողոտայում ոռոգման ջրի տակ լողացող կնոջ դեպքում, բայց որևէ կերպ դրան չենք արձագանքում։ Ես, օրինակ, չգիտեմ՝ արդյոք նրան բաց են թողել, թե՝ ոչ։ Բացառությամբ Ամալյա Նազարեթյանի, պատժիչ հոգեբուժության մասին բոլոր խոսակցությունները կապված են ակտիվիզմով զբաղվող մարդկանց հետ։ Շանթը, Գասպարին, Խուդոյանը, ով ընտանիքի հետ միասին բողոքում էր նախագահականի դիմաց, ու Երվանդ Կարապետյանը, ով միայնակ պիկետ էր անում հանրային հեռուստաընկերության մոտ։ Իրականում, այդ խոսակցությունները ոչ հոգեբուժության մասին են, ոչ էլ՝ հոգեբուժական բուժման, այլ որ Գասպարին կամ Շանթը ոչ թե «գժեր» են, այլ՝ ակտիվիստներ։ Երբեմն, ինչպես Ամալյա Նազարեթյանի դեպքում, խոսքը կարող է գնալ հոգեբուժական իշխանության չարաշահման մասին։

— Հնարավոր է, որ Աննայի ակցիան կայացավ, քանի որ մայիսի 17-ին շատրվան էր մտել Արմինե Առաքելյանը, այլ ոչ թե ինչ֊որ անծանոթ կին։ Նա, այնուամենայնիվ, բարձրացնում է կարևոր հարցն այն մասին, թե ով է սահմանել նորմալ լինելը։ Եվ ի՞նչ է պատահում նրանց, ում համարում են աննորմալ։

— Հոգեբուժարանը բավականին փակ հաստատություն է։ Այնտեղ գտնվողների առնվազն մի մասը հայտնվել է հոգեբուժարանում սեփական կամքին հակառակ։

— Որքանով տեղյակ եմ, հարկադիր հոսպիտալացումը հնարավոր է, եթե մարդը վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար։ Մնացած դեպքերում բուժումն ինքնակամ է․․․

— Ինչպե՞ս ես դա որոշում։ Պոստֆակտո՞ւմ։

— Որոշողը ես չեմ, այլ՝ հոգեբույժը։

— «Կվնասի իրեն կամ շրջապատին» չափորոշիչը կարա շատ անհասկանալի լինի․ կարծում եմ՝ կան ինքդ քեզ կամ շրջապատին վնասելու աննորմալ և նորմալ ձևեր։ Բազմաթիվ տղամարդիկ պարբերաբար ծեծում են իրենց կանանց ու երեխաներին։ Նրանք վնասում են շրջապատին։ Բայց դրանք «նորմալ» տղամարդիկ են, չէ՞։ Արդյո՞ք դրված է նրանց հոսպիտալացնելու հարցը։ Իսկ «կվնասի ինքն իրեն» չափորոշիչը ենթադրում է, որ հոգեբուժական կլինիկայի նպատակն օգնելն է, բուժելը։ Դա այդպե՞ս է։

— Եթե մարդն ուզում է նստել շատրվանում, նա նստում է շատրվանում։ Ի՞նչն է այդ իրավիճակում նորմալ․ թողնել, որ նա այնտեղ նստի այնքան ժամանակ, որքան՝ ցանկանում է։ Այլ հարց է, որ դա հանրային տարածքի օգտագործման վարչական կարգի խախտում է։

— Աննայի ակցիան հիմնված է գործողությունների՝ առանց մեկնաբանության մեխանիկական կրկնության վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ մտածել դրա շուրջ։ Ակցիան ինձ շատ է դուր գալիս։

— Ակցիա, որին կարելի է տարբեր մեկնաբանություննե՞ր տալ։

— Դա մեկնաբանողների խնդիրն է։ Նա ոչինչ չի մեկնաբանում։ Նա պարզապես կրկնեց մի բան, ինչն իր վրա ազդեցություն էր թողել՝ թաքցնելով իր ինքնությունն ու նույնիսկ մինիմալի հասցնելով սեփական ներկայությունը։ Աննայի ներկայությունն այնտեղ պայմանավորված է նրանով, որ նա կրկնում է այդ գործողությունը։

— Անտուռաժն էր խնդրահարույց։ Արմինեն մենակ էր, իսկ Աննան՝ չէ։ Խնդիրը էդտեղ ոչ թե խմբի ներկայությունն էր, հասկանալի ա, որ անվտանգության հարց կար, բայց էդ ակտիվ մասնակցությունը, ոստիկանության հետ բանավեճը։ Աննան մեկնաբանություններ չի անում, բայց ակցիայի մնացած մասնակիցների խոսքերը ի վերջո դառնում են մեդիայի համար մեսիջ։ Նաև Աննայի ճանաչելի լինելը։ Միգուցե հնարավոր էր թաքցնել դեմքը, բայց սա մեկնաբանություններ են հետին թվով, ի վերջո սա կարևոր չի:

— Աննան եթե մի քիչ շատ փակվեր, “պարսիկ” կհանեին․ Հանրապետության հրապարակը մեդիայի համար “պարսկանոց” ա, չէ՞:

— Ամեն դեպքում, կարծում եմ, որ ակցիան կարելի է մեկնաբանել տարբեր կերպ կամ ընդհանրապես այն չհասկանալ․ Չեղան ոչ տեքստեր, ոչ էլ մեկնաբանություններ

— Դա լավ է։ Ֆեյսբուքից բացի, կան նաև հրապարակում աշխատող մարդիկ, անցորդներ, ու ակցիան, առաջին հերթին, ազդում է հենց նրանց վրա, ակցիային բախվելու նրանց փորձի։ Պերֆորմանս է․․․

— Որը փորձում է «նորմալություն» հաղորդել առաջին դեպքի՞ն։

— Ոչ։ Անցորդների համար դա անիմաստ գործողություն է, անիմաստ արարք։ Նա փող չի աշխատում, չի հոգնել․ դա անիմաստ ու անհասկանալի քայլ է։ Նույնիսկ Խուդոյանի՝ սեփական բերանը կարելը տարօրինակ էր, բայց ոչ անիմաստ։ Նա ասում էր՝ «ես իմ տան համար եմ պայքարում», ու դա հասկանալի է։ Աննայի ակցիան, բնականաբար, իմաստավորված է նրա քաղաքական հայացքներով։ Նախօրինակի, վայրի ընտրությունը նրա քաղաքական սկզբունքայնությունն է։ Ինքը՝ ակցիան, սակայն, եթե դու սովորական անցորդ ես, անիմաստ է։ Բախվում ես անիմաստության, որը չի տեղավորվում, օրինակ, մետրո֊դպրոց֊աշխատանք֊հեռուստացույց շղթայի մեջ։

— Այսինքն՝ առաջին ակցիան նույնպե՞ս անիմաստ էր, թեև այն, կարծես, լուռ չէր։ Արմինեն ինչ֊որ կարգախոսեր էր վանկարկում․․․

— Առաջինը չենք կարող ակցիա անվանել։ Մենք չգիտենք՝ դա ակցիա էր, թե ոչ։ Տեղի ունեցածի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք։ Իսկ Աննան շեշտադրումներ է անում, ընդգծում է ինչ֊որ բաներ։

— Ինձ համար սա վիճելի հարց է։ Եղավ առաջին դեպքը, այն ակցիա չանվանենք, ու երկրորդը։ Ինչպե՞ս դա հասկանալ։ Աննայի ակցիան առաջին դեպքն իմաստավորո՞ւմ է ինչ֊որ բողոքի շրջանակների մեջ մտցնելով։ Թե՞, ընհակառակը, փորձում է, ինչպես դու ես ասում, ցույց տալ, որ անիմաստությունը նորմալ է։ Որ կարելի է մտնել շատրվանն ու այնտեղ նստել այնքան ժամանակ, որքան՝ ցանկանում ես, ու դա չպետք է որևէ կերպ պատժվի կամ դատապարտվի։

— Ես չգիտեմ՝ մայիսի 17֊ին ինչ է տեղի ունեցել։ Արմինե Առաքելյանը որևէ մեկնաբանություն չի տալիս․ նրա փոխարեն, չգիտես ինչու, խոսում է նրա գործընկեր ու ընկերուհի Զառա Հովհաննիսյանը․ իսկ նրա ասածն ինձ համոզիչ չի թվում։ Արմինեի ընկերներից ու ծանոթներից շատերը մայիսի 17֊ին տեղի ունեցածի մասին խոսում էին որպես ակցիայի։ Հաշվի առնելով այն, որ չկային փաստեր, որոնք թույլ կտային նման կերպ մտածել, այդ մեկնաբանություններն ընյկալվում էին որպես Արմինեի բարի անունը վերականգնելու փորձ, ինչն ինքնին բավականին պսիխոֆոբ տրամաբանություն է։ Ստացվում էր, որ Արմինեն չի կարող հենց այնպես ցանկանալ մտնել շատրվանը, կամ Արմինեի, մոտ, օրինակ, չի կարող լինել նյարդային պոռթկում։ Այսինքն, եթե Արմինեն ինչ֊որ անհասկանալի բան է արել, ապա դա անպայման ակցիա էր։ Ու իսկապես հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ակնհայտ է, որ նյարդային պոռթկման մեջ որևէ ամոթ բան չկա, ու դա տեղի չի ունենանում միայն «յուրահատուկ» մարդկանց մոտ։ Յուրաքանչյուրի նայարդերն էլ կարող են տեղի տալ, ու դա մարդուն խարանելու կամ նրա գործունեությունն արժեզրկելու պատճառ չէ։ Արմինեի հետ պատահածը որպես ակցիա ներկայացնելը, երբ դրա համար չկան որևէ հասկանալի պատճառներ, բացի նրա հանրայնությունից, շատ խնդրահարույց է։ Ինչպես արդարացնել մի բան, որն ամենևին արդարացման կարիք չունի։

֊ Աննայի ակցիան, իմ կարծիքով, այլ իմաստ ուներ։ Չեմ տեսնում որևէ պատճառ մտածելու, որ դրա նպատակն Արմինեի արարքը նորմատիվության սահմաններում տեղավորելն ու այն որպես քաղաքական ակցիա ներկայացնելն էր։

֊ Ինձ համար Աննայի պերֆորմանսը, նախևառաջ, բողոք էր Արմինեի արարքի հարուցած արձագանքի դեմ, անկախ նրանից, թե այն իրենից ինչ էր ներկայացնում։ Ու այն ուներ մի քանի բացահայտ ուղերձներ․ 1՝ ես դեմ եմ նրան, թե ինչպես արձագանքեցին Արմինեի արարքին (կարևոր չէ՝ դա ակցիա էր, թե՝ ոչ), 2՝ ես կարծում եմ, որ շատրվանում նստելը նորմալ է, իսկ դրա հարուցած արձագանքը՝ ոչ ադեկվատ, 3՝ ես կրկնում եմ այդ արարքն ու այդպիսով իմ բողոքն եմ արտահայտում ոստիկանության ու հանրային կարծիքի կողմնակալ ձևավորման դեմ։ Ակցիան հարցականի տակ է դնում ոչ միայն ոստիկանության լիազորությունները, այլև նաև հոգեբուժական կլինիկան։

֊ Այս խոսակցությունը կարելի է սկսել ու շարունակել երկու հարցերի շուրջ կոնսենսուսի առկայության դեպքում․ առաջին՝ մենտալ խանգարումը չի կարող պատճառ հանդիսանալ մարդու գործունեությունն արժեզրկելու համար, և երկրորդ՝ մենք կարծում ենք, որ հոգեբուժարաններ պետք չեն։ Դրանց գոյությունը պայմանավորված է համակարգով, որը կրթության, դաստիարակության ու հասարակական նորմաների միջոցով արգելափակում է դրանց ոչնչացման ու այլընտրանքի կառուցման հնարավորությունները։

— Եթե այս խոսակցությունը հանգում է հարցին, թե արդյոք մեզ հոգեբուժարաններն ընդհանրապես պետք են, ապա դա խնդիր է, ու այն ինչ֊որ չափով «արդյո՞ք մեզ պետք է փող» շարքից է։ Բժիշկները որոշ իմաստով հասարակական մենեջերներ են՝  նեղ մասնագիտական գիտելիքների կրողներ։ Օգնության ցուցաբերման ավելի հորիզոնական համակարգ կամ, գոնե, օգնության ցուցաբերման նկատմամբ վերահսկողություն չկա։ Հետևաբար, կարևոր է հասկանալ՝ մենք ինչով ենք զբաղվում ու ինչ ենք խոսում։ Մենք հիմա չենք կարող բժիշկներից ու հոգեբուժարաններից ազատվելու ծրագիր մշակել։ Կան ծանր վիճակում գտնվող մարդիկ, ում մենք պարզապես չենք կարող ասել՝ «ընկեր ջան, մենք անարխիստ ենք ու դեմ ենք հոգեբուժական կլինիկաներին»։ Ո՞ւր պետք է նա գնա, ասենք, սուր պսիխոզի դեպքում։ Հարցը, նախևառաջ, վերաբերում է հոգեկան հիվանդության ապախարանմանը, և, թե կուզեք, հիվանդանոցների նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը։ Այսօր գլխավոր խնդիրը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց խարանման թեման խնդրականացնելն է, սեփական փորձով կիսվելն ու իրազեկման նյութեր հրապարակելը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով